Արամ Խաչատրյանի մոտ մտքերի արտահայտման դիսոնանս կա. այդ 4 մլրդ-ը ոչ թե մենք ենք պարտք, այլ մեզ են պարտք. Բայց ոչ թե 4,5 մլրդ, այլ 800 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Վանաձորում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

«Մենք նախորդ տարիներին Ղազախստան ներկրված մեքենաների գույքահարկի գծով ունենում ենք պարտքեր: Մենք այս տարիների ընթացքում այդ պարտքերից 200-300 մլն դրամ հետ ենք բերել: Նման անպատասխանատու, մանիպուլյատիվ անգրագետ բառամթերքով դիմել հանրությանը չի կարելի: Մեզ պարտք են, որոշներին դատի ենք տալիս, որոշների հետ բանակցում ենք»,-ասաց ախկին քաղաքապետը:

Նա համոզմունք հայտնեց, որ ընտրությունների արդյունքում գործող իշխանության թիմը փոքրամասնություն է լինելու Վանաձորի ավագանիում:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, Մամիկոն Ասլանյանը հայտարարեց, որ տեղական մակարդակի ընտրություններում կուսակցականացված ընտրություններ չեն լինում. «Նեղ կուսակցական շահով դառնալ համայնքի ղեկավար, սպասարկել նեղ կուսակցական շահ, դա այդ անձի համար ուղիղ ճանապարհ է դեպի անդունդ»:

հարցին, թե դուք քաղաքական պատասխանատվություն չե՞ք կրելու այն ուժերի նկատմամբ, որոնք ձեր գլխավորած դաշինքում են, նա պատասխանեց. «Ես ոչ մի կուսակցության հետ պայմանագիր չունեմ: Ես պայմանագիր ունեմ միայն իմ համաքաղաքացիների հետ: Չունեմ պայմանավորվածություն քաղաքական պատասխանատվություն կրելու: Ես չեմ միացել իրենց, ես ստեղծել եմ դաշինք, այդ կուսակցություններից մեկն իմ ընկերն է, մյուսն էլ կոլեգա է՝ համայնքի ղեկավար: Հետեւաբար, իմ վրա քաղաքական որեւէ պատվեր, ճնշում չկա, չի էլ եղել, չի էլ կարա լինի: Այս 5 տարում ինձ նույնիսկ ակնարկային հրահանգ չի եղել»:

Ինչ վերաբերում է իր հասցեին գործող իշխանությունների քննադատություններին, թե քաղաքը թողել է անմխիթար վիճակում, Ասլանյանն ասաց. «Եթե մարդիկ 2 ամիս է ստանձնել են քաղաքի ղեկավարությունը, ու մի երրորդ ուժի մեղադրում են սաբոտաժի մեջ, թող վեշերը հավաքեն գնան ամեն մեկն իր պոլիկլինիկան, քաղաքը հանգիստ թողնեն, կտեսնեն, թե ոնց է քաղաքն երկու ժամում մաքրվում»: