Այս ընտրությունները տարբերվում են նախորդ բոլոր ՏԻՄ ընտրություններից, քանի որ դրանք տեղի են ունենում կուսակցական համամասնական ցուցակներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, իր հայրենիք Գեղավան գյուղում քվեարկությունից հետո նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Ես չգիտեմ՝ պետությունն ու հասարակությունը ինչքանով էր պատրաստ համայնքների արագ խոշորացմանը եւ քաղաքական ընտրություններին, բայց սա արդեն իրականությունը: ՀՅԴ-ն 36 համայնքներից 19-ում մասնակցում է ՏԻՄ ընտրություններին եւ ընդդիմադիր դաշտից ամենամեծ հայտ ներկայացրած ուժն է»,-ասաց նա:

Նրա հայտարարեց, որ գործող իշխանությունն ամեն գնով փորձում է նվաճել ՏԻՄ մարմինները. «Դրան հասնելու համար որեւէ ապօրինությունից զերծ չեն մնում: Այդ ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը եւս փորձ էր ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա: Ակնհայտ էր, որ իշխանությունն իր ողջ պետական ռեսուրսներով, վարչական լծակներով փորձում է ամեն քայլի դիմել, որպեսզի ՏԻՄ-երը եւս նվաճեն, բայց ես կարծում եմ, որ պարտության ու պատերազմի կուսակցությունը, այն ուժը, որ մեր երկրին բերել է միայն չարիք ու աղետ, չի կարող աջակցություն ունենալ մեր ժողովրդի կողմից եւ վստահ եմ, որ այսօր մի շարք համայնքներում դա կդրսեւորվի»,-ասաց Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ շատ համայնքներում ընտրությունների ընթացքում շատ ուժեր հանդես են գալիս որպես ընդդիմադիր, բայց ընտրություններից հետո դաշինք են կազմում գործող իշխանության հետ: Այս համատեքստում նա կարեւորեց տարբեր ուժերի հայտարարությունները, թե որեւէ դեպքում ՔՊ-ի հետ հետընտրական դաշինք չեն կազմելու. «Թող դաշտը մաքրվի, այո արտախորհրդարանական որոշ ուժեր կան, որոնք էստ էթության, ՔՊ-ի կցորդն են: Դա մեզ վաղուց հայտնի է»:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մի շարք տեղերում կան ահազանգեր, որ տարբեր պատրվակներով, կեղծ ահազանգերի հիման վրա ավագանու որոշ անդամների, շտաբների անդամների բերման են ենթարկում. «Ժողովրդավարության, մարդու իրավունքները հարգելու լոզունգներով իշխանության եկած խմբակը տեսնում ենք, թե այսօր ինչ է անում եւ հանուն իշխանության ինչի է պատրաստ»: