Կորեայի Հանրապետությունում կորոնավիրուսի հետագա տարածման ֆոնին ուժի մեջ են մտել ուժեղացված կարանտինային միջոցառումները, երկուշաբթի օրը հայտնել է երկրի կառավարությունը։

Առնվազն մինչեւ հունվարի 2-ը մասնավոր հանդիպումների մասնակիցների առավելագույն թիվը մայրաքաղաքի տարածքում կրճատվել է մինչեւ վեցի, իսկ այլ շրջաններում՝ ութի: Պատվաստման անցագրերի համակարգը, որը նախկինում կիրառվում էր Covid-ով վարակվելու բարձր ռիսկ ունեցող առանձին վայրերում, ինչպիսիք են փակ մարզասրահները, բարերը եւ գիշերային ակումբները, այժմ տարածվել է հանրային վայրերի մեծ մասի վրա՝ ներառյալ ռեստորանները, սրճարանները, կարաոկեները, սաունաները, համերգասրահները, թանգարանները, գրադարանները, ուսումնական հաստատությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պատվաստման անցագիրը վկայագիր է, որը հաստատում է, որ դրա սեփականատերը լիովին պատվաստված է Covid-ի դեմ կամ ունի ՊՇՌ թեստի բացասական արդյունք: Դեկտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածը այս համակարգի վերջնական ներդրմանանցումային շրջանն է:

«Պատվաստման անցագիրը խտրականություն չէ, այլ նվազագույն քայլ, որը մենք պետք է անենք մեր հասարակությանը պաշտպանելու համար»,- այս առնչությամբ ընդգծել է վարչապետ Կիմ Բու Գյոմը՝ ելույթ ունենալով կառավարության նիստում։

Նա ասել է, որ իշխանությունները առաջիկայում կկենտրոնանան պատվաստումների գործընթացի ակտիվացման, հիվանդանոցային մահճակալների ապահովման եւ տնային բուժման ընդլայնման վրա՝ համաճարակային իրավիճակը մեղմելու համար: «Եթե մենք տնային բուժման անվտանգ համակարգ ստեղծենք, կարող ենք նվազեցնել բժշկական արձագանքման համակարգի ծանրաբեռնվածությունը»,- հավելել է կառավարության ղեկավարը։

Վերջին մեկ օրվա ընթացքում Կորեայի Հանրապետությունում գրանցվել է վարակման 4325 նոր դեպք, մահացել է 41 պացիենտ։ Հիվանդանոցներում ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը 727 է։