ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ըստ մարզերի հրապարակել 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերի, դրանց տեսակների, իրավապահ մարմինների կողմից դրանց առթիվ ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրության իրազեկման գործըթնացը:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքներում ևս կայացել են ՏԻՄ ընտրություններ: Վերջիններիս նախընտրական քարոզարշավի շրջանի վերաբերյալ ստացվել է ընտրական բնույթի 4, իսկ բուն քվեարկության օրվա և գործընթացի հետ կապված՝ 8 առերևույթ հանցավոր խախտումների վերաբերյալ հաղորդում, ահազանգ:

Նշված ընդհանուր 12 հաղորդում-ահազանգերից 4-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 5-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ և ներկայացված զեկուցագրեր: 

Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝

1-ը՝ վերաբերում է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,

3-ը՝ Ախուրյան, Արթիկ խոշորացված համայքններում առերևույթ ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,

1-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքում քաղաքացու կողմից ընտրական իրավունքի իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն,

1-ը՝ Արթիկ խոշորացված համայնքում քարոզչական պաստառների տեղադրմանը խանգարելու միջոցով քարոզչության անցացմանը խոչընդոտելուն,

2-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքի ընտրություններում ենթադրաբար քվեաթերթիկը կամ ծրարը ընտատեղմասերից դուրս տանելու հանգամանքներով պայմանավորված առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,

2-ը՝ Արթիկ խոշորացված համայնքի տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,

1-ը՝ Ամասիա համայնքում ընտրատեղամասերից մեկում լույսերի անջատմամբ պայմանավորված՝ ենթադրաբար քվեարկության արդյունքները կեղծելու փորձին,

1-ը՝ այլ բնույթի:

Վերացական և ընդհանրական բնույթի ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 8 հաղորդումների առնչությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին դատախազության կողմից հանձնարարվել է սկսել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Արդյունքում դրանցից 3-ը թողնվել են անհետևանք, քանի որ ներկայացված տվյալները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել, կամ նշվածները չեն համապատասխանել իրականությանը, իսկ 5 ահազանգերի կապակցությամբ ստուգողական գործողությունները շարունակվում են:

Իսկ 4 հաղորդում ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, որոնցով գործընթացը շարունակվում է՝ հանգամանքների պարզման, քրեական գործ հարուցելու հիմքերի ստուգման նպատակով: