Սուդանաբրիտանացի գործարար Մո Իբրահիմի կողմից հիմնադրված, Աֆրիկայի լավագույն կառավարիչներին աջակցող հիմնադրամի զեկույցում ասվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցածր ցուցանիշները մայրցամաքում SARS-CoV-2-ի մուտացիաների առաջացում են հրահրում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Այս ճգնաժամի (կորոնավիրուսի համավարակի) ամենասկզբից մեր հիմնադրամը եւ աֆրիկյան այլ կազմակերպություններ նախազգուշացնում էին, որ առանց պատվաստումների Աֆրիկան կարող է իդեալական ինկուբատոր դառնալ վիրուսի տարբերակների համար»,- ասել է Իբրահիմը:

Նա նշել է, որ համավարակը հաղթահարելու միակ ճանապարհը համաշխարհային պատվաստումներն են։ Ներկայումս աշխարհում «պատվաստումների խտրականություն» է դիտարկվում, եւ աֆրիկյան երկրները, նրա խոսքով, բախվել են այդ խնդրին։

Իբրահիմն ընդգծել է, որ Աֆրիկան համավարակը կհաղթահարի միայն այն դեպքում, եթե նրա բնակչության 70%-ը մինչեւ 2022 թվականի վերջը պատվաստվի, սակայն նման զարգացման հավանականությունը քիչ է։

Զեկույցում ասվում է, որ աֆրիկյան 54 պետություններից միայն 5-ն են կատարել մինչեւ այս տարվա վերջը բնակչության 40%-ի ամբողջական պատվաստման Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նպատակի կեսը: