Դեկտեմբերի 6-ին Կիպրոսում մի շարք նոր սահմանափակումներ ուժի մեջ կմտնեն՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամի ի հայտ գալու հետ կապված. պարտադիր ՊՇՌ թեստ կղզի բոլոր ժամանողների համար, չեղարկվում են Սուրբ Ծննդյան միջոցառումները, ձեռնարկություններն աշխատակիցների մի մասին պետք է հեռավար աշխատանքի ուղարկեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նոյեմբերի 29-ից Կիպրոսում արդեն մի շարք սահմանափակումներ են մտցվել, մասնավորապես՝ դիմակների պարտադիր օգտագործման տարիքը 12-ից իջեցվել է 6 տարեկան, 6-ից 11 տարեկան բոլոր երեխաները պետք է Covid անձնագիր (SafePass) ներկայացնեն: Նոյեմբերի 29-ից դպրոցական Սուրբ Ծննդյան բոլոր միջոցառումները դադարեցվում են:

Կիպրոսի Նախարարների խորհուրդն օմիկրոն մուտացիայի ի հայտ գալու հետ կապված որոշել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։

2022 թվականի դեկտեմբերի 6-ից հունվարի 10-ն օդանավակայաններով Կիպրոս մուտք գործող բոլոր ուղեւորները պարտադիր ՊՇՌ թեստ կհանձնեն։ 15 եվրո արժեքը վճարում է ինքը՝ ուղեւորը։

2021 թվականի դեկտեմբերի 6-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ծառայությունների ոլորտում յուրաքանչյուր ընկերության կամ կազմակերպության աշխատակիցների 20 տոկոսը, բացառությամբ հիմնական ծառայությունների, պետք է հեռավար աշխատի։ Կառավարությունը թույլ է տվել այս թվի մեջ ներառել մարդկանց, ովքեր հիվանդության կամ վարակվածների հետ շփման պատճառով գտնվում են ինքնամեկուսացման մեջ եւ աշխատում են տնից, ինչպես նաեւ` արձակուրդում գտնվողներին։

2022 թվականի դեկտեմբերի 6-ից փետրվարի 28-ը կդադարեցվեն պահեստազորի եւ Ազգային գվարդիայի զորավարժությունները։

2022 թվականի դեկտեմբերի 6-ից մինչեւ հունվարի 10-ն առեւտրի կենտրոնների ներսում եւ դրսում կդադարեցվեն Սուրբ Ծննդյան եւ այլ միջոցառումները։
Քաղաքապետարանների, համայնքների եւ պաշտամունքի վայրերի կողմից իրականացվող բոլոր միջոցառումները թույլատրվում են տեղական իշխանությունների եւ կազմակերպիչների պատասխանատվության ներքո՝ սանիտարական արձանագրություններին համապատասխան: Արձանագրությունները չկատարելու դեպքում միջոցառումները կկասեցվեն, ասվում է որոշումներում։