Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում երեկ՝ դեկտեմբերի 5-ին, անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում առավել թվով ձայներ է ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 46 %։ «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է 37 %, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 12%, իսկ ՀՅԴ-ը՝ 5 %։

Փաստորեն, «Բարգավաճ Հայաստանը» միանձնյա իշխանություն ձևավորել չի կարող եւ պետք է փորձի կոալիցիա կազմել անցողիկ շեմը հաղթահարած ուժերից մեկի հետ։ Երեկ կուսակցության քաղաքապետի թեկնածու Էդուարդ Բաբայանը հայտարարել էր, որ բացառում է կոալիցիան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձգտում է կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ։

Հայ հեղափոխական դաշնակցության քաղաքապետի թեկնածու Արման Մեղրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիան են բացառում։

« «Բարգավաճ Հայաստանից» կոալիցիա կազմելու առաջարկ դեռևս չենք ստացել։ Մնացած հարցերով քննարկումներ էլ դեռ չեն սկսվել»,- ասաց Մեղրյանը։