Հնդկաստանը եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ավարտել են ազատ առեւտրի գոտու ձեւավորման վերաբերյալ նախնական փորձագիտական խորհրդակցությունները, կողմերը համաձայնագրի կնքման համար բանակցությունները 2022 թվականի սկզբին կսկսեն։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցությունների եւ երկու երկրների պաշտպանության նախարարների ու արտգործնախարարների միջեւ «2+2» ձեւաչափով ռուս-հնդկական խորհրդակցությունների արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Լավրովի խոսքով, հանդիպմանը կողմերը նշել են ԵԱՏՄ-ի եւ Հնդկաստանի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման վերաբերյալ նախնական խորհրդակցությունների ավարտը։ «Արդեն ամեն ինչ լիովին պատրաստ է ԱԱԳ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու համար։ Կարծում եմ, որ եթե Covid-ի խնդիրը չխանգարի, այն տեղի կունենա հաջորդ տարվա սկզբին»,- հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը։

Եվրասիական տնտեսական միությունը, որի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Ռուսաստանը, արդեն ստորագրել է ԱԱԳ համաձայնագիր Վիետնամի եւ Սինգապուրի հետ, ինչպես նաեւ ժամանակավոր համաձայնագիր Իրանի հետ։ Ազատ առեւտրի գոտիների շուրջ բանակցություններ են ընթանում նաեւ Եգիպտոսի եւ Իսրայելի հետ։ Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների շարքում Հնդկաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է։