ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի դեկտեմբերի 7-ին կայանալիք գագաթաժողովն ամբողջությամբ չի հեռարձակվի, սակայն նախատեսվում է ցուցադրել հանդիպման առաջին կադրերը, որը կանցկացվի տեսաձեւաչափով, այնուհետեւ ղեկավարների զրույցը փակ կլինի։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ մի ուղիղ հեռարձակում չի լինի։ Մենք ցույց կտանք, կարծում եմ, շփման առաջին կադրերը՝ անպայման։ Իհարկե, դրանք կլինեն միայն առաջին կադրերը, բոլոր շփումները կիրականացվեն փակ ռեժիմով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պատասխանելով այն հարցին, թե որ ժամին է սպասվում բանակցությունների մեկնարկը, Պեսկովն ասել է.«Երեկոյան ժամը վեցի մոտ»։ «Մենք կարծում ենք, որ դա բավականին մանրամասն եւ երկարատեւ տեսակոնֆերանս կլինի, պաշտպանված կապով տեսակոնֆերանս է լինելու: Կարծում ենք, որայն երկարատեւ կլինի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նա նաեւ մեկնաբանել է գագաթաժողովին պատվիրակությունների մասնակցության հարցը։ «Մենք նկատի ունենք, որ դա կլինի երկու նախագահների ուղիղ խոսակցություն, ես չեմ կարող ասել, թե ով կլինի նախագահ Բայդենի կողքին»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ յուրաքանչյուր լուրջ բանակցություններից առաջ Պուտինը «շփվում է համապատասխան նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ»։ «Բոլորը, ովքեր նշվում են, մեր երկկողմ հարաբերությունների ֆիգուրանտներ են, նրանք մշտապես կապի մեջ են Ռուսաստանի նախագահի հետ»,- եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կրեմլի մամուլի ծառայությունը կհաղորդի բանակցությունների արդյունքների մասին։ Պեսկովը բացասաբար է արձագանքել այն հարցին, թե արդյոք սպասվում է Պուտինի հայտարարություն՝ կայանալիք հանդիպման արդյունքներով։ «Մենք հաղորդագրություն կտանք, ինչպես սովորաբար հաղորդագրություններ ենք տալիս»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում լրագրողների համար քոլ-կոնֆերանս կկազմակերպվի, սակայն առայժմ դա նախատեսված չէ։