Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը Պարսից ծոցի արաբական երկրներով շրջագայության շրջանակներում Օման կայցելի, հայտնում է Associated Press-ը։

Թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի այցը համընկնում է տարածաշրջանում մի շարք այլ դիվանագիտական հանդիպումների հետ, որոնց թվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրությունների անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի այցը Իրան: Սաուդյան Արաբիայի եւ Օմանի ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ շրջագայությունը տեղի է ունենում նաեւ այս ամիս Պարսից ծոցի Վեց երկրների համագործակցության խորհրդի տարեկան նիստի նախաշեմին:

Դիվանագետների խոսքով՝ արքայազն Մուհամմեդը ծրագրում է նաեւ ԱՄԷ այցելել։ Դիվանագետները հայտարարել են, որ այցն ուղղված է աշխարհաքաղաքական տարաձայնությունների լուծմանը եւ Պարսից ծոցի արաբական վեց երկրների միջեւ համագործակցության ու համակարգման ամրապնդմանը, մասնավորապես՝ Իրանի միջուկային ծրագիրի եւ տարածաշրջանային հավակնությունների արդյունավետ լուծմանը:

Թեեւ Պարսից ծոցի երկրների հարաբերությունները հիմնված են մշակութային, կրոնական եւ ցեղային կապերի վրա, նրանք հավատարիմ են Իրանի նկատմամբ բոլորովին տարբեր արտաքին քաղաքական դիրքորոշումների: Օմանը, Քուվեյթը եւ Կատարը հարաբերություններ են պահպանում Իրանի հետ, մինչդեռ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները բախվել են աճող լարվածության եւ ակտիվորեն աշխատում են տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու ուղղությամբ:

Սակայն Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն ուղիղ բանակցություններ են վարել Իրանի հետ՝ ուղղված լարվածության թուլացմանը։ Պարսից ծոցի երկրները մտահոգված են, որ Միացյալ Նահանգները գնալով հեռանում է Մերձավոր Արեւելքից՝ Չինաստանի եւ Ռուսաստանի սպառնալիքների վրա կենտրոնանալու համար: Որպես վերջին օրինակ՝ նրանք մատնանշում են Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը։