Վերջերս բացահայտված Omicron շտամը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները եւ ֆինանսական շուկաները չեն կարող թուլացնել իրենց զգոնությունը COVID-19-ի նկատմամբ եւ պետք է զգուշորեն չափորոշեն իրենց քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Միջազգային հաշվարկների բանկը (BIS): Omicron-ն արդեն անկում է առաջացրել հիմնական արժեթղթերի շուկաներում եւ ուժեղացրել է անորոշությունը, հաղորդում է Reuters-ը:

«Omicron-ի առաջացումը ցույց է տալիս, որ մենք չպետք է թուլացնենք մեր զգոնությունը»,- ասել է BIS-ի դրամավարկային քաղաքականության ղեկավար Կլաուդիո Բորիոն:

Քանի որ նոր տարբերակի հետ կապված հնարավոր մարդկային եւ տնտեսական ծախսերի վերաբերյալ անորոշությունն աճում է, համաշխարհային ֆինանսական շուկաները նույնպես սպասում են` արդյոք գնաճի աճը կստիպի խոշոր կենտրոնական բանկերին, ինչպիսիք են ԱՄՆ Դաշնային պահուստը, Անգլիայի բանկը եւ Եվրոպական կենտրոնական բանկը, բարձրացնել տոկոսադրույքները:

BIS-ի զեկույցում ասվում է, որ շատ զարգացող շուկայական տնտեսություններում ֆինանսական պայմանները խստանում են: Պետական ​​պարտատոմսերի եկամտաբերությունը, որը փոխառության արժեքի չափանիշն է, աճել է հատկապես զարգացող Ասիայի սահմաններից դուրս, մինչդեռ զարգացող շուկայի արժույթների համատարած թուլությունը սրել է գնաճային ճնշումը:

Omicron-ը կարող է կարճաժամկետ հեռանկարում սրել մատակարարման շղթայի նեղ հատվածները, նշել է Բորիոն, եւ տնտեսական ակտիվության վրա որոշակի ազդեցություն անխուսափելի կլինի, հատկապես` 2022 թվականի առաջին եռամսյակում: «Դա, իհարկե, մի փոքր ավելի դժվար է դարձնում փոխզիջումները, որոնց բախվում են կենտրոնական բանկերը»,- հավելել է նա: