Նեպալը սկսել է հարավում իր ընդարձակ անտառապատ հարթավայրերում անհետացման սպառնալիքի տակ գտնվող թագավորական բենգալյան վագրերի հաշվառումը, հայտնում է AFP-ն։

Անտառահատումները, ներխուժումը եւ որսագողությունը դատարկել են վագրերի պոպուլյացիաները ողջ Ասիայում, սակայն Նեպալը եւ 12 այլ երկրներ 2010-ին ստորագրել են իրենց թիվը մինչեւ հաջորդ տարի կրկնապատկելու պարտավորություն:

Տեխնիկները սկսել են տեսախցիկներ տեղադրել Չիթվան ազգային պարկում, որը վագրերի ամենամեծ արգելոցն է երկրում, իսկ վայրի բնության փորձագետները կարողացել են նրանց յուրահատուկ գծերով նույնականացնել առանձին կենդանիների:

Շարժման նկատմամբ զգայուն մոտ 4000 տեսախցիկներ ի վերջո կտեղադրվեն ավելի քան 12 000 քառակուսի կիլոմետր պահպանվող տարածքներում եւ հարակից անտառներում:

«Ուսումնասիրությունը նպատակ ունի տեղեկատվություն տրամադրել վագրերի կարգավիճակի մասին, որը կօգնի մեզ գնահատել, թե աշխատել է արդյոք վագրերի պոպուլյացիաները պահպանելու մեր ռազմավարությունը»,- AFP-ին ասել է Բեդ Կումար Դհակալը՝ Ազգային պարկերի եւ վայրի բնության դեպարտամենտից:

Վագրերի պահպանման 2010 թվականի ծրագրին, որը ստորագրել է Նեպալը, աջակցում են հայտնի մարդիկ, այդ թվում՝ Լեոնարդո Դի Կապրիոն: