Այս համաձայնագրով չի կարգավորվում պաշտպանական նպատակներով օգտագործվող ապրանքների շրջանառությունը: Այս մասին դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրի վավերացման հնարավորության քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ նրա՝ համաձայնագիրը վերաբերում է նաեւ այն ապրանքներին, որոնց վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը կամ դեռ չի ընդունվել, կամ դեռ ուժի մեջ չի մտել։ Միեւնույն ժամանակ, այս ապրանքներն արդեն ներառված են միասնական ցանկում։ «Միասնական ցանկը ներառում է մոտ 67 ապրանքախումբ։ Ավելին, համաձայնագիրն ինքը ստորագրվել է 2020 թվականին»,- ասաց նախարարը։

Համաձայնագիրը, ինչպես նշեց Քերոբյանը, չի կարգավորում պաշտպանական նպատակների համար կիրառվող արտադրանքի, պաշտպանության եւ անվտանգության շահերի ապահովման համար կիրառվող արտադրանքի, օգտագործված արտադրանքի՝ դեղերի, բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորումները:

Փաստաթղթի բովանդակությունը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը։ Նա, մասնավորապես, ասաց, որ համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժական եւ կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման իրավահարաբերությունների վրա։

«Համաձայնագրում նշված ապրանքի անվտանգությունն ապահովվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից»,- ասաց պաշտոնյան։ Համաձայնագրով սահմանվում է նաեւ ապրանքների հետկանչման մեխանիզմը։ Արդյունքում բավականին երկար քննարկումներից հետո հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել օրենսդրական այս նախաձեռնությանը։