Արցախում խաղաղ բնակչին սպանելու դեպքերը խնդրահարույց ենք համարում եւ առհասարակ տվյալ հարցի համատեքստում, որոնց որ մասնակից է ՀՀ-ն, առաջին հերթին  միտված են, որ նմանատիպ դեպքերը օր առաջ, ժամ առաջ դադարեն, որպեսզի իրական դեէսկալացիա տեղի ունենա եւ նմանատիպ դեպքերը բացառվեն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Սա առաջնային նպատակն է ՀՀ Կառավարության  եւ սրա համար բոլոր  հնարավոր գործիքակազմերը օգտագործվում են եւ բոլոր հնարավոր ձեւաչափերով հանդիպումների առաջնային եւ կարեւորագույն քննարկման առարկան հանդիսանում է ՀՀ թե սահմանային անվտանգությունը եւ անխախտելիությունը եւ թե մեր քաղաքացիների անվտանգությունը»,- ասաց նա:

Լրագրողի այն հարցին, թե ինչու հայկական կողմը պաշտոնապես չի ասում, որ պաշտոնյաների այցեր Արցախ լինելու են, որովհետեւ դա հայկական տարածք է եւ Ադրբեջանը չի կարող պահանջ  դնել, Աղաջանյանը շեշտեց, որ մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած հայտարարություն յուրաքանչյուր կառավարող ուժի ներկայացուցչի կողմից, լինի դա օրենսդրի կողմից, թե կառավարության, հղի է կոնկրետ  հետեւանքներով:

«ՀՀ յուրաքանչյուր պետական այր, որեւէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռը եւ հետեւանքները»,- հավելեց նա: