Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) ղեկավարը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին թույլ չտալ Իլոն Մասկին գերիշխել տիեզերական տնտեսությունում:

Financial Times-ի հետ հարցազրույցում Յոզեֆ Աշբախերը, ով մարտին ստանձնել է ESA-ի գործադիր տնօրենի պաշտոնը, զգուշացրել է, որ կառավարությունները թույլ են տալիս տեխնոլոգիական միլիարդատեր Մասկին «կանոններ սահմանել» տիեզերքում: Նրա խոսքով՝ Եվրոպայի պատրաստակամությունը՝ օգնել Մասկին ընդլայնել իր արբանյակային ինտերնետ ծառայությունը՝ Starlink-ը, կարող է վնասել տարածաշրջանի մրցակիցներին, որոնք չեն կարողանա օգտվել տիեզերքի տրամադրված առեւտրային հնարավորություններից:

«Տիեզերքը շատ ավելի սահմանափակ կլինի հաճախականությունների եւ ուղեծրային ինտերվալների առումով», - կարծում է Աշբախերը: «Եվրոպայի կառավարությունները պետք է հետաքրքրված  լինեն նրանով, որ եվրոպական պրովայդերներին արդար շուկայում խաղալու հավասար հնարավորություններ տրամադրեն»:

Գերմանիան դիմել է Հեռահաղորդակցության միջազգային միությանը՝ Starlink-ին մոտ 40 հազար արբանյակ արձակել թույլ տալու համար։ Եվրոպական առաջատար տնտեսությունը նաեւ սուբսիդիաներ է առաջարկում Starlink-ին՝ գյուղական համայնքներին լայնաշերտ կապ ապահովելու համար: ԱՄՆ-ում Մասկն արդեն թույլտվություն է ստացել ավելի քան 30.000 արբանյակների համար։ Իր լայնաշերտ հասանելիությունը գլոբալ մակարդակի հասցնելու նպատակով՝ հայտնի ձեռնարկատերը նախատեսում է նաեւ դիմել Հնդկաստանում լիցենզիայի համար:

«Կա մեկ մարդ, ում պատկանում է աշխարհի ակտիվ արբանյակների կեսը: Դա պարզապես ապշեցուցիչ է: Դե ֆակտո նա է կանոններ սահմանում։ Մնացած աշխարհը՝ ներառյալ Եվրոպան, բավականաչափ արագ չեն արձագանքում», - զգուշացրել է Աշբախերը:

Starlink-ը մրցում է OneWeb-ի՝ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից աջակցվող ընկերության հետ՝ ստեղծելու Երկրի ցածր ուղեծրով արբանյակների մեգա համաստեղություն՝ լայնաշերտ ծառայությունները բարելավելու նպատակով:

Amazon Project Kupier-ը եւ Չինաստանի կառավարությունը նույնպես Երկրին մոտ ուղեծրում արբանյակներ արձակելու ծրագրեր ունեն: