Ակնհայտ դարձավ, որ ընդհանրապես ԱԺ քաղաքական մեծամասնությունը չի ուզում որեւէ կերպ անդրադառնա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այսինքն ակնհայտ է, որ խուսափում են որեւէ ձեւով հրապարակային դարձնել այն պրոցեսը, որը տեղի է ունենում, մեր խորին համոզմամբ,  ժողովրդի թիկունքում: Մենք ակնհայտ նպատակ էինք հետապնդում այս հայտարարության միջոցով, հասնել նրան, որ մեր շահերը շատ հստակ արձանագրվեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում: Ակնհայտ է, որ գոյություն ունի լրջագույն գործընթաց, որի մասին մենք իմանում ենք միայն պոստֆակտում` կատարված փաստերի առաջ կանգնելով: ԱԺ-ն կառավարման մեր այս համակարգում խորհրդարանական ունի շատ կարեւոր դերակատարություն, մեկ անձի վրա չպետք է թողնել այս գործընթացը: Դա երկու առումով է սխալ` մեկ անձը չի կարող ամբողջական այնպիսի պրոցես իրականացնել, որտեղ սխալներ, թերացումներ չլինեն, եւ մյուս կողմից ակնհայտ է, որ արտաքին ճնշումները ՀՀ-ի վրա ուժեղացած են եւ չի կարելի թույլ տալ, որ այդ ճնշումները կենտրոնանան մեկ անձի վրա: Այս տրմաբանությունը չընկալվեց հանձնաժողովի կողմից»,- ասաց նա:

Ռուստամյանի կարծիքով` տեղի է ունենում մի պրոցես, որից մենք պետք է օր առաջ դուրս գանք.  «Կա բանավոր եւ գրավոր համաձայնությունների գործընթաց եւ մենք ականատեսն ենք լինում այդ բանավոր համաձայնությունների կործանարար հետեւանքներին միայն դրանք պոստֆակտում կատարելուց հետո եւ սա սպառնալիք է ուղղակի մեր ազգային շահերին, մենք փորձում էինք կանխել սա, իրենք էլ ապացուցեցին, որ կա բանավոր պրոցես, մի խանգարեք, մեր ղեկավարը գիտի` ինչ է անում: Դա մերժելով տվեցին այն տպավորությունը, որ այո΄, արդեն կատարվել են բանավոր  զիջումներ, որոնք եթե մենք հիմա ֆիքսենք, դուրս կգա, որ Կառավարությունը ԱԺ-ին հակառակ է գործել, որը հիմք է հանդիսանում կառավարության անվստահությանը»:

Արմեն Ռուստամյանը խայտառակություն որակեց ՀՀ կողմի արձագանքը Ադրբեջանի այն հայտարարությանը, որ ԱԳ նախարաների հանդիպում չի կայացել, քանի որ հայ պատգամավորները այցելել են Արցախ:

«Բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է, ըստ էության, գնալ Արցախ եւ մենք այդ մասին  լսում ենք, երբ Ադրբեջանից հայտարարություններ են լինում, իսկ մեզ ասում են` դե ինչ եք Ադրբեջանի հայտարարություններով առաջնորդվում: Շատ հստակ է, որ  խափանվել է բանակցությունը Ստոլկհոլմում, որ Ադրբեջանը ասել է` ինչու են պատգամավորները գնացել Արցախ: Այսինքն մարդիկ ճնշումներ են ամեն տեղ բանեցնում առ այն, որ Ղարաբաղյան հարց գոյություն չունի, դա ադրբեջանական տարածք է եւ դուք իրավունք չունեք գնալ այնտեղ»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում: