Նախորդ տարի գերությունից վերադարձած Խաչիկ Գրիգորյանի մոտ հոգեբանական սուր խնդիրներ են առաջացել. արդեն մեկ տարի է, ինչ Խաչիկը չի կարողանում աշխատել:

NEWS.am-ի հետ զրույցում Խաչիկի կինը`Իրինան,պատմեց, որ դժվարին իրավիճակում են հայտնվել, կառավարությունից  էլ հրաժարվում է օգնություն տրամադրել, ասում են գերիների հետ կապված աջակցության ծրագիր չկա:

«Ամուսինս 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, նոյեմբերի 11-ին գերի ընկնելով՝ 34 օր գերության մեջ է եղել։ Մոտը հոգեբանական սուր խնդիրներ էին առաջացել, մինչ այսօր այցելում է հոգեբանների, գիշերները քնել չի կարողանում, այդ պատճառով չի կարողանում աշխատել։ 2 մանկահասակ երեխա ունենք՝ տղաս 3․5 տարեկան է, դուստրս՝ 1․7 տարեկան, սպասում ենք երրորդ երեխային։ Մեծամոր քաղաքում վարձով ենք բնակվում։ Ունենք վարձը վճարելու խնդիր, տան տերը խնդրում է չվճարելու դեպքում ազատել բնակարանը, կա նաև կոմունալ վճարների խնդիր։ Նպաստ չենք ստանում, պետությունից ոչ մի օգնություն չենք ստանում, մերժել են տրամադրել՝ պատճառաբանելով, որ գերիների վերաբերյալ որևէ ծրագիր չկա։ Մինչ վերադառնալն էլ որևէ ֆինանսական օգնություն չի տրամադրվել, միայն տարբեր անհատ բարերարներ են աջակցել պատերազմի ընթացքում։ Նպաստի համար դիմել եմ, տեսնելով, որ պատերազմի ժամանակ անձնագրով փոխանցումներ եմ ստացել՝ ասացին, որ փոխանցումներ ստանալու պատճառով 1 տարի պետք է անցնի, դա համարվում է կողմնակի եկամուտ, նպաստ տրամադրել չենք կարող»,- պատմեց նա։

 Իրինան պատմեց, որ ամուսինը կամավոր է պատերազմ մեկնել, իրենց ընտանիքից պատերազմին մասնակցել են նաեւ ամուսնու հայրն ու եղբայրը:

«Պատերազմից առաջ ամուսինս մատուցող էր աշխատում և կարողանում էր ամբողջովին ապահովել ընտանիքին։ Փաստաթղթի ստորագրումից հետո իմանալով, որ եղբայրը շրջափակման մեջ է Շուշիում, շտապել էր եղբորն օգնության և Բերձոր-Լաչին ճանապարհին գերեվարվել։ Շուտով մեկ տարին կլրանա վերադարձի, սակայն դեռ անձնագիր ամուսինս չունի, պետությունը անձնագիր չի տրամադրում՝ մի գերատեսչությունը գցում է մյուսի վրա։ Պետությունից պատասխանում ամիս-ամսաթիվ և ստորագրություն անգամ չկա։ ՊՆ դիմումից հետո առհասարակ 2-3 ամիս է՝ պատասխան չենք ստանում»,- պատմեց նա։

Իրինան նշեց, որ նորից է դիմելու ՊՆ, սակայն հույս չունի, որ իրեն այս անգամ կպատասխանեն:

Ընտանիքի հետ կապ կարող եք հաստատել հետեւյալ հեռախոսահամարով` 094951820: