Neuralink-ը հույս ունի մարդկանց համար առաջին իմպլանտների օգտագործումը սկսել 2022 թվականին՝ սպասելով FDA-ի հաստատմանը։ Այս մասին Wall Street Journal-ին ասել է Իլոն Մասկը՝ նշելով, որ սարքերը կարող են վերականգնել ամբողջ մարմնի ֆունկցիոնալությունը քվադրիպլեգիա (վերջույթների մասնակի կամ լրիվ կաթվածահարում) ունեցող մարդկանց մոտ։

«Մեր իմպլանտների ստանդարտներն ավելի բարձր են, քան պահանջում է FDA-ն»,-ասել է Մասկը: «Կարծում եմ՝ Neuralink-ի հետ մենք հնարավորություն ունենք վերականգնելու ողնուղեղի վնասվածք ունեցող մարդու ամբողջ մարմնի ֆունկցիոնալությունը»,-հավելել է Մասկը:   

2021 թվականի գարնանը Neuralink-ը մեծ աղմուկ բարձրացրեց՝ տեղադրելով տեսահոլովակ, որտեղ պատկերված էր կապիկը, որին Neuralink իմպլանտ էր տեղադրվել, եւ նա տելեպատիկ կերպով տեսախաղ էր խաղում։