Ամբողջ հարցն էլ հենց սա է, որ գործադիր իշխանությունը և քաղաքական մեծամասնությունն իրենց պահում են անպատասխանատու և հայրենիքի, ազգի համար սեփական խմբակով որոշում կայացնելու վիճակում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինսյանը՝ անդրադառնալով «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագծին։

«Այս հայտարարությունը պետք է օգտագործվեր, որպեսզի ոչ միայն պատասխան տրվեր Ալիևին և նրա նմաններին, այլ նաև համահայկական ուժի համախմբման գործողություն պետք է իրականացվեր։ Հայտարարության տեքստը կդնենք շրջանառության մեջ և դեկտեմբերի 14-ին արտահերթ նիստ կհրավիրենք։ ՀՀ գործադիր իշխանությունից պահանջվում է, որպեսզի զերծ մնա որևէ համաձայնությունից, բանակցությունից, որտեղ կխախտվի ՀՀ ինքնիշխանությունը, Անկախության հռչակագրով ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը, Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումը, որով կդատապարտվի Արցախի հանրապետության տարածքների օկուպացիան:

Քանի որ մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը թշնամուց վախեցած իշխանություն է և եթե այլ հանցակազմ չկա՝ այս վախեցած իշխանությունից սպասել, որ ինքը հերոսություն պետք է գործի, ուղղակի անիմաստ է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունն իշխանությանը կոչ է անում զերծ մնալ նման որոշումներից, իսկ իշխանությունն այդ կոչը իր հասցեին մեղադրանք է ընդունում:

Նշելով, որ Վիեննայի կոնվենցիային համաձայն ուժով ձեռք բերված պայմանավորվածություններն համարվում են առոչինչ, ինչի մասին ասվում է հայտարարության մեջ՝ Մինասյանն ասաց. «Այս հայտարարությամբ մենք ի սկզբանե ասում ենք, որ եթե  որևէ պայմանավորվածություն, բանակցություն, համաձայնություն կծնվի ուժի ճնշման հետևանքով՝ իմացեք, աշխա՛րհ, միջազգային հանրությո՛ւն, որ այն առոչինչ է, հայ ժողովրդի համար չի կարող պահանջ ու պարտադրանք սահմանվի, իսկ սրան հակադրել, թե այն զգայուն թեմա է, նշանակում է, որ այս մարդիկ պատրաստ չեն հայրենիքը պաշտպանելու»:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը ուզում է, որ իշխանությունը միանա հայտարարությանը, որում ասվում է, որ ուժով պարտադրված համաձայնագիր իրավական ուժ չունի:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ չի հավատում իշխանության այն պնդմանը, որ միջանցք չի լինելու, քանի որ մի բան է ասելը. մակ այլ բան՝ գործելը: