Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և մյուսների գործով մեղադրյալներ Արմեն Անդրեասյանը և ԱԱԾ փոխգնդապետ, ԶՄՊԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար «Ալֆայի Չիկոն»՝ Արամ Գասպարյանը այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վերաքննիչ քրեական դատարանի կողմից կալանավորվել են:

Այս առնչությամբ,  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տրանսպորտի բաժնի նախկին պետ Արմեն Անդրեասյանի պաշտպան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Հերթական անգամ բռնաբարեցին օրենքն ու իրավունքը: Դատարանն այսպիսի որոշում կայացրեց, որովհետեւ դատավորը Արմեն Դանիելյանն էր, որն ընդհանրապես օրենք, իրավունք չի հասկանում, այսինքն հասկանալով, միեւնույն է, պատվեր է կատարում:

Արմեն Անդրեասյանի նկատմամբ գրավը ընտրված էր որպես խափանման միջոց: Հենց վարույթ իրականացնող մարմինն է դեռեւս նախաքննության ընթացքում 20 մլն դրամ գրավ կիրառել: Դատարանը այդ չափն իջեցրել էր, ողջամիտ էր համարել 5 մլն դրամը, եւ դա վճարվել էր: Սակայն դատախազը դատարանում նշեց, որ անկախ նրանից՝ այդ 20 մլն դրամը կվճարվեր, թե չէր վճարվի, Արմեն Անդրեասյանը պետք է գտնվի կալանքի տակ:

Այս պահի դրությամբ մենք ունենք վերաքննիչ դատարանի երկու որոշում. մի որոշմամբ Արմեն Անդրեասյանը ազատ է արձակվել, որն օրինական ուժի մեջ մտած որոշում է, մյուս որոշմամբ Արմեն Դանիելյանը գտել է, որ նա պետք է կալանավորվի»,-ասաց նա:

Պաշտպանի խոսքով, դատավոր Արմեն Դանիելյանը մեջբերել է խոչընդոտելու ռիսկը, սակայն դա չի հիմնավորել ոչնչով. «Այս պարագայում Արմեն Դանիելյանը մեկ բան պետք է աներ. Կամ հաստատեր, որ այո, կալանքը կիրառելի է, բայց բացառությամբ, եթե 20 մլն դրամը վճարվի, ապա նա պետք է ազատ արձակվի, որովհետեւ այստեղ խնդիրը մի հարցի շուրջ էր, թե գրավի չափն ինչքան պետք է լինի՝ 20 մլն, թե՞ 5 մլն: Բայց դատախազը գհայտարարեց, որ անկախ նրանից, թե ինչքան գումար կվճարվի, միեւնույն է, Արմեն Անդրեասյանը պետք է գտնվի կալանքի տակ: Դատավորն էլ կալանավորեց, որեւէ նշում չկատարելով, որ օրինակ, 20 մլն դրամ վճարելու դեպքում Արմեն Անդրեասյանը պետք է ազատ արձակվի»,-ընդգծեց Լուսինե Սահակյանը:

Նա ընդգծեց, որ նույն ապօրինությունը կատարվել է նաեւ ԶՊՄԿ-ի անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար, ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանի նկատմամբ:

«Այո, վճռաբեկ բողոք ենք ներկայացնելու, սակայն միգուցե միանգամից ներկայացնենք Եվրոպական դատարան՝ հիմնավորելով, որ անարդյունավետ է Վճռաբեկ դատարանը:

Նախադեպային որոշում են կայացրել Արմեն Անդրեասյանի մասով, եթե այսպիսի նախադեպ շարունակի գործել, սա խայտառակություն կլինի»,-հավելեց պաշտպանը: