Դուք  ռուս լրագրողների հետ հանդիպմանը մի այսպիսի դիտարկում արեցիք՝ ասելով, որ Հայաստանում կա տարածված կարծիք, որ Ռուսաստանն է Արցախը հանձնել Ադրբեջանին, ինձ հետաքրքիր է թե դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դիմելով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Ագնեսսա Խամոյանը և հիշեցրեց, որ այդ հարցազրույցից հետո ՌԴ ԱԳՆ-ն Ալեն Սիմոնյանին մեղադրեց երևակայությանը զարկ տալու մեջ:

Խամոյանը խնդրեց պարզաբանել, թե Ալեն Սիմոնյանը ի՞նչ է ակնարկել «Լավրովյան պլան» ասելով՝ բերելով ՌԴ ԱԳՆ հայտարարության այն դրույթը, ըստ որի՝ ՌԴ-ն բանակցային մանրամասներ էր ներկայացրել, որ վերջին փաթեթեը խմբագրված տարբերակով կողմերին էր ներիկայացվել 2019 թվականի ամռանը:

Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց, որ մինչ այդ տեսանյութը լրագրողներին ասել էր, որ այն չի մեկնաբանելու. «Կարծում եմ, որ ամեն ինչ ասված է և յուրաքանչյուր քաղաքացի, որը տիրապետում է ռուսաց լեզվին, շատ լավ հասկանում է, թե ես ինչ եմ ասել: Ես որևիցե նոր բան չեմ ասել, և ավելացնելու բան չեմ գտնում ճիշտ այս պահին»,-ասաց Սիմոնյանը և խնդրեց հարցեր տալուց անձնական գնահատականը իջեցնել և հարցն ավելի բովանդակային կլինի, եթե իր անձնական կիսածաղրական գնահատականները քիչ  դնի հարցի մեջ:

Ագնեսա Խամոյանը հակադարձեց. «Ձեր դաստիարակչական դիտարկումների մասով ուզում եմ հիշեցնել, որ դուք եք ԱԺ նախագահը, և դուք եք Ռուսաստանում սկանդալային հայտարարություններ արել և մեր ռազմավարական դաշնակցին մեղադրանքներ հնչեցրել: Կնկնում եմ հարցս՝ ի՞նչ բանակցային նրբությունների եք դուք տիրապետում, ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ վերջին առաջարկությունը խմբագրված տարբերակով ներկայացվել է 2019-ի ամռանը, իսկ այդ ժամանակ դուք եւ ձեր ղեկավարը վստահեցնում էիք, որ բանակցային գործընթացում որևէ նորություն չկա և հերքում էիք Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ սեղանին լուծման փուլ առ փուլ տարբերակն է»:

Ալեն Սիմոնյանը նկատեց, որ հայտարարությունը սկանդալային է միգուցե Ագնեսա Խամոյանի համար. «Հայկական հանրության համար որևիցե սկանդալային բան չկա, այդտեղ և որևիցե նոր բան չկա, խորհուրդ կտամ ռուսաց լեզվի լավ մասնագետի հետ այդ տեսանյութը նորից դիտեք և հաջորդ նիստին բարձրացնեք այդ հարցը»,-նշեց Սիմոնյանը:

Ագնեսսա Խամոյանը տեղից արձագանքեց, որ ռուսաց լեզվի մասնագետ Նիկոլ Փաշինյանին է պետք: