Միացյալ Նահանգները ձգտում է վերածնել ԻԼԻՊ-ը եւ ստեղծել ճգնաժամ տարածաշրջանում։ Այս մասին ասել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, դերծովակալ Ալի Շամհանին Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Մեկդադի հետ հանդիպմանը, տեղեկացնում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հիասթափված է ԻԼԻՊ վերացումից Սիրիայում եւ Իրաքում եւ Դիմադրության ճակատի հաղթանակից եւ ձգտում է ստեղծել նոր ճգնաժամեր տարածաշրջանում։ Նա նշել է, որ Սիրիայի օկուպացումը որեւէ երկրի կողմից կերկարաձգի անվտանգության բացակայությունը եւ կընդլայնի բռնության մասշտաբները։

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նաեւ վճռականորեն դատապարտել է «սիոնիստական ռեժիմի մշտական ներխուժումը Սիրիա»։

Շամհանին նշել է Իրանի եւ Սիրիայի ռազմավարական հարաբերությունները քաղաքական եւ անվտանգային ոլորտում՝ ընդգծելով, որ երկու երկրները պետք է ընդլայնեն ռազմավարական հարաբերությունները բոլոր ոլորտներում։

Իր կողմից Ֆեյսալ Մեկդադը շնորհակալություն է հայտնել Իրանին սիրիական ժողովրդին համակողմանի աջակցության համար՝ հայտարարելով, որ երկու երկրները բացել են համագործակցության նոր գլուխ, հատկապես տնտեսական ոլորտում, ահաբեկիչների ջախջախումից եւ Սիրիայում հարաբերական կայունության հաստատումից հետո։

Նա նաեւ ԱՄՆ անօրինական ներկայությունը Սիրիայում անվանել է Սիրիայի ինքնիշխանության սկզբունքի խախտում եւ ագրեսիա երկրի տարածքային ամբողջականության դեմ՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը փորձում է վերածնել ահաբեկչությունը, որպեսզի խանգարի երկրի կայունությանը։