Մենք հանրահավաքներ չենք անցկացնում, որովհետեւ նախապատրաստական փուլում ենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 7-ին ասաց «Հայաստան» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Դիմադրության շարժումը, նրա խոսքով, պետք է դառնա համազգային շարժում, որը կգործի երկու ճակատով՝ արտաքին թշնամու եւ Հայաստանի իշխանությունների դեմ։ «Մենք անպայման փողոցներ դուրս կգանք, բայց ավելի կազմակերպված եւ համախմբված, որպեսզի մարդկանց հիասթափության չհասցնենք։ Մեր քայլերը պայմանավորված չեն իշխանությունների գործողություններով։ Մենք այժմ աշխատում ենք մարզերում, կարեւորություն ենք տալիս ցանցային աշխատանքին եւ պատրաստ ենք լայն համագործակցության բոլոր առողջ ուժերի հետ»,- հավաստիացրեց նա՝ չնշելով, թե արդյոք «Հայաստանի» հետ պատրաստ է համագործակցել որեւէ ուժ։

Իշխան Սաղաթթելյանը նշեց, որ տարեսկզբին ընդդիմությանը չհաջողվեց հասնել համաժողովրդական ապստամբության՝ հավաստիացնելով, որ առաջիկայում դրա համար կարվի ամեն բան։ «Երբ մենք հասնենք իշխանափոխության, աշխարհը Հայաստանին կնայի այլ աչքերով։ Վերջերս ես Ղարաբաղ էի մեկնել։ ԱԳՆ ղեկավարը, ինչպես նաեւ տարբեր ուժեր տեղում հստակ նշում էին Ղարաբաղի համար անկախության հասնելու կարեւորությունը։ Բայց Հայաստանի իշխանությունների համար դա երկրորդական հարց է, այն հիմա արդեն Հայաստանի սահմանների պաշտպանությունն է ներկայացնում որպես ձեռքբերում»,- ընդգծեց փոխնախագահը։

Նա վստահություն հայտնեց, որ ժողովրդի թիկունքի հետեւում բանակցություններ են վարվում, եւ Ադրբեջանի նախագահը պահանջել է նշել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ժամկետը։ «Կարեւոր չէ՝ կանվանվի միջանցք, թե այլ կերպ, ավելի կարեւոր է բովանդակությունը։ Հայաստանի իշխանությունները վաղուց չեն սպասարկում ժողովրդի շահերը»,- ամփոփեց Իշխան Սաղաթելյանը։