Այն բոլոր զինծառայողները, որոնք վայր են դրել զենքը եւ հանձնվել գերության եւ քննությամբ կպարզվի դա, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվելու ամենայն հավանականությամբ եւ դա իմ ասածը չի, օրենքի պահանջն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հայտնել, որտեղ երևում է, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը մի զրույցի ժամանակ ասում, որ «էդ գերիներն իմ համար արդեն չկան»։

«Բանակցային պրոցեսում մենք մշտապես այդ հումանիտար հարցը բարձրացրել ու բարձրացնելու ենք: Ես ականատես եմ եղել, որ մեր գործընկերները նստում, հետազոտւմ են, թե իմ բանակցային գործընթացի ընթացքում ես որ հանդիպման ժամանակ ինչ հարց եմ բարձրացրել: Պետք է վստահեցնեմ, որ բոլոր մեր քննարկումների ժամանակ այդ հարցը բարձրացվել է եւ ոչ միայն իմ կողմից եւ շարունակելու է բարձրացվել: Բայց այն մարդիկ, որոնք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, զենքը վայր են դրել ու հանձնվել են գերի... ես տեսնում եմ նաեւ, որ ֆեյսբուքում այդ «հերոս» բառը բավականին արժեզրկվել է, բոլորի նկատմամբ  հավասար սանդղակ կիրառելու պատճառով:

ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք, կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»,-հայտարարեց ԱԺ նախագահը:

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու է կանխակալ վերաբերմունք ձևավորել, եթե նախաքննությունը դեռ չի ավարտվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կանխակալ վերաբերմունք չեմ ձևավորել, ես ասում եմ, որ ՀՀ օրենքը, նաև վարչապետն է դրա մասին խոսել ԱԺ ամբիոնից, որ քրեական օրենսգիրքը նախատեսում է՝ նման դեպքերում պետք է պատասխանատվություն լինի։ Այդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք օրենք են խախտել և ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»։