ԱՄԷ-ի կառավարական պատվիրակությունը գտնվում է Անկարայում՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հետ հնարավոր համագործակցությունը քննարկելու համար, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թուրք պաշտոնյային, ում անունը չի նշվում։

Այցը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ դե ֆակտո ԱՄԷ շեյխ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանն այցելեց Թուրքիայի մայրաքաղաք եւ պաշտոնյաները ներկայացրեցին 10 միլիարդ դոլարի հիմնադրամը՝ Թուրքիայում ԱՄԷ ներդրումներին աջակցելու համար:

ԱՄԷ-ի պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության նախագահի հետ, այնուհետեւ բանակցություններ է վարել Անկարայի պաշտպանական ընկերությունների, այդ թվում՝ Aselsan-ի, ինչպես նաեւ թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողների ներկայացուցիչների հետ, ասել է պաշտոնյան։ Բանակցությունների արդյունքը պարզ չէ:

Պաշտպանական արդյունաբերության ներկայացուցչությունը եւ Aselsan-ը չեն պատասխանել Bloomberg-ի հարցերին: Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ն չի արձագանքել զանգերին կամ էլ. Նամակներին` մեկնաբանություններ տրամադրելու խնդրանքով:

Կիրակի լրագրողների հետ զրույցում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ասել էր, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության զարգացումը հետաքրքրում է ԱՄԷ-ին, եւ քննարկումները կարող են «արտահանման հնարավորությունների» հանգեցնել։