ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, նիստի ընթացքում անդրադառնալով Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացին, նշեց, թե ցավում է, որ ԱԺ ամբիոնից հերթական անգամ իշխանության կողմից ներկայացվեց այն, ինչը մանիպուլյատիվ ձևով ներկայացվել է վերջին 3 տարիներին:

«ՌԴ արտգործնախարարության հայտարարությունն այդ մանիպուլյացիան կանխելուն կամ այդ փուչիկը  պայթեցնելուն էր ուղղված։ Բառացի եկեք նշենք, հայերեն պատշաճ թարգմանություն կա. երկու շրջանները վերադարձվում էին կամ քննարկվում էր այդ հարցը, Ադրբեջանին, ինչը պետք է ուղեկցվեր ԼՂ կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ: Ասել, որ սա նշանակում է տալ 7 շրջան ոչնչի դիմաց, դա ուղղակի մանիպուլյացիա է, ճշմարտությունից խուսափելու հարց է: Կարգավիճակի պարտադիր կապակցումը՝ կարգավիճակի պարտադիր կապակցումն է, դա ինչ-որ բարդ միտք չէ: Դա նշանակում է, որ մինչև կարգավիճակը չլուծվի, այն երկու շրջանի հարցը ոչինչ չի լինելու: Բացի դրանից, այդ հայտարարության մեջ էլի հետաքրքրիր բաներ կային։ Ասվում էր, որ 5 շրջանից հետո խաղաղապահ զորքեր են տեղադրվում. այն, որ հիմա կա, բայց այդ 7 շրջանը չկա, հլը մի հատ էլ Շուշի և Հադրութ էլ չկան։ Բոլոր դեպքերում մի քիչ հետաքրքր կլիներ ծանոթանայիք դրա բովանդակությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Արամ Վարդևանյանը կրկնեց գործընկերներից մեկի ասածը՝  Ազգային ժողովի ամբիոնը «Perfect TV»-ի մակարդակի մտքեր արտահայտելու ամբիոն չէ:

«Եթե խոսում եք Ռոբերտ Քոչարյանի մասին, բոլոր դեպքերում մի քիչ ֆանտազիայի ծավալն էլ պետք է տրամաբանություն ունենա: Մենք խոսում ենք այն մարդու մասին, եկեք բոլորդ էլ ձեր խիղճը մի քիչ թեթևացրեք ու ընդունեք, որ հաստատ Ալիևը վատ երազներում է տեսնում։ Իսկ  Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից օպերատիվ կապը պահում է, գաղտնի բանակցություններ անում է, 2020 թվականի մայիսի 8-ին էլ՝ Շուշիի ազատագրման օրը, որի հետ Ռոբերտ Քոչարյանի առնչությունը վստահ եմ,  գրքերում կարդացել եք, այդ օրն էլ  կալանքի տակ է պահում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

«Արցախն էլ բանակցություններից դուրս է թողնում», - արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա Արամ Վարդևանյանին ասաց, թե, գուցե, իրավական հարցերով բավականին տեղեկացված է, բայց պետք չէ մտնել բանակցային մանրուքների մեջ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքելով Արամ Վարդևանյանին՝ ասաց. «Իսկ ո՞վ է Իլհամ Ալիևի երազների մասին պատմել պարոն Քոչարյանին կամ ձեզ,  հետաքրքիր է, երազներն իրար պատմո՞ւմ են»։

Մեկ այլ ելույթի ժամանակ Արամ Վարդևանյանն ասաց. «Երբ ասում եմ, որ Ալիևի համար Ռոբերտ Քոչարյանը էվատ երազ է, կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի համար եղել է երազելի, քանի որ եթե համեմատեք, թե ինչ եղավ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ որպես Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ, նույնիսկ եթե դուք վերագրում եք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակահատավածում տեղի ունեցած  Արցախը  բանակցություններից դուրս թողնել, մի հատ եկեք գանք իրականություն։

Մենք խոսում ենք միֆական: ինչ-որ վերլուծություններից, բայց ունենք իրական կյանք, որը չափազանց դաժան է:

Ասացիք որպես պաշտպան, փաստաբան եմ հանդես գալիս։ Եթե այդպես եք ասում, ստիպված պետք է լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին ասեմ. «մարտի 1»-ից խոսելուց եկեք մի բան ֆիքսենք՝ «մարտի 1»-ով դատավարական ինչ կարգավիճակ ունի Ռոբերտ Քոչարյանը և ինչ դատավարական կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանը։ Հենց դա ճշտեք, իրավական, այդ հարցին էլ ևս կարձագանքեմ»։