Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Ղազարյանը, որ այսօր ԱԺ ծեծկռտուքի կիզակետում է եղել, սոցցանցի իր էջում գրառում է արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ ընկերներ,

Ամեն ինչ կարգին է։ Անհանգստալու պատճառ չկա։

Ընդամենն արձանագրում եմ, որ նիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման, զուգահեռ ստացել են նաև պատասխան։

Հ.գ.

Թուրքերի դեմ վերջին անգամ ստիպված եմ եղել կռվել 44֊օրյա պատերազմի ընթացքում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։