Դեկտեմբերի 6-ին «Կայուն գյուղատնտեսություն եւ էներգետիկա» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ արեւային էներգիայի աղբյուրներով աշխատող նոր տեխնոլոգիական նորարարական լուծումների շնորհանդես։ Ծրագիրն իրականացվում է «Բարի Արեւ» ընկերության կողմից՝ Արդշինբանկի ֆինանսավորմամբ։

Արդշինբանկի կորպորատիվ բիզնեսի հարցերով տնօրեն Արթուր Գյուլյազյանը նշեց, որ նախագծում կատարված ներդրումների ծավալը կազմել է մոտ 9 մլն 350 000 ԱՄՆ դոլար։ «Բանկը ֆինանսավորել է անհրաժեշտ գումարի 85%-ը, իսկ երաշխիքի համար լրացուցիչ հատկացրել է եւս 25 000 000 դրամ։ Վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորումը բանկի առաջնահերթություններից է։ Ընդհանուր առմամբ, միայն արեւային էներգիայի արտադրության ոլորտում բանկն արդեն 11 նախագծերում ընդհանուր 30,5 մլն դոլար է ներդրել։

Բանկը հետագայում եւս հատուկ ուշադրություն կդարձնի այս ուղղությանը: Հայաստանի Հանրապետությունն իր յուրահատուկ աշխարհագրական եւ կլիմայական պայմանների շնորհիվ մեծ ներուժ ունի։ Նման ծրագրերը չափազանց կարեւոր են մեր էներգետիկ անկախության եւ անվտանգության ապահովման համար»,- իր խոսքում ասաց Արթուր Գյուլազյանը։

«Այսօր «Բարի Արեւ» ընկերությունը ներդնում է նոր ինովացիոն կարողություններ, որոնք, անկասկած, ընդլայնում են ձեռնարկությունների եւ գյուղացիական տնտեսությունների ներուժը վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման հարցում, զգալիորեն նվազեցնում են ծախսերը, ինչպես նաեւ նոր հնարավորություններ են ընձեռում ավելի արդյունավետ, էներգախնայող եւ անխափան աշխատանքի համար»,- իր ելույթում ասաց «Բարի Արեւ» ընկերության տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Բարի Արեւ» ընկերությունը հայկական շուկայում գործում է շուրջ 3 տարի։ Այսօրվա դրությամբ ընկերությունը շահագործման է հանձնել արդյունաբերական մասշտաբի 3 արեւային կայան՝ յուրաքանչյուրը մոտ 6000 կՎտ հզորությամբ։ Արագածոտնում «Բարի Արեւ-1» եւ «Բարի Արեւ-2» կայանները ֆինանսավորվել են Արդշինբանկի կողմից։

Բանկի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից: