Մենք այստեղ ոստիկանների հետ բախման համար չենք եկել,  եկել ենք՝ ստանալու հարցի պատասխանը, թե ինչու՞ են ԱԺ իշխանական պատգամավորները իրենց պահում իսկական խուլիգանների պես և 15 հոգով հարձակվում ընդդիմադիր խմբակցության 3 օգնականի վրա։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը:

«Երևույթն ինքնին դատապարտելի է, երբ պատգամավորն իրեն պահում է վերջին խուլիգանի պես և օգնականներին կանչում է իր աշխատասենյակ ու ծեծկռտուք սարքում։ Այստեղ անհամաչափության խնդիր էլ կա։ Եթե օգնականը կաբինետում խփի պատգամավորին, սարքելու են հարձակում պատգամավորի վրա, տանեն դատեն։ Այսինքն, իրենք այդ օրենքն իրենց համար ընդունեցին, որ ինչ ուզենան, այստեղ անե՞ն։ Եթե այդպես է, թող այս ոստիկանությունը հենց նրանց մեղադրի՝ այս երկիրը քաոսի վերածելու, ապակայունացնելու համար», - նշեց Սարգիս Կարապետյանը։

Նա նաև համոզմունք հայտնեց, որ իշխանական պատգամավորները խորհրդարանում ծեծռկտուքը հրահրել են՝ գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը մոռացության տալու նպատակով։

«ԱԺ նախագահի «փայլուն մտքերը», որ պետք չէ, որ գերիները վերադառնան․ պետք է ինչ-որ բանով ժողովրդին զբաղեցնե՞ն, որ մոռացության մատնեն։ Այս շոուն բերում է նրան, որ ժողովուրդը մոռանա Ալենի սածը։ Իրենք դրա համար են կազմակերպել, բայց մեզ համար մեր ընկերների վրա ձեռք բարձրացնելը, խուլիգանություն անելը ինքնասիրության հարց է։ Ու եթե նրանք հարցը տեղափոխում են ինքնասիրության դաշտ, խնդիր չկա, եկեք տեսնենք՝ ով կպարտվի այդտեղ», - նշեց Կարապետյանը։

Նշենք, որ բազմաթիվ ոստիկաններ են հավաքված Ազգային ժողովի մուտքերի մոտ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։