Ռուսաստանի եւ Իրանի փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովը եւ Ալի Բաղերին երեքշաբթի Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ հանձնառություն են հայտնել պահպանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը։

«Հիմնական ուշադրությունը դարձվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցություններում ստեղծված իրավիճակին։ Հանձնառություն են հայտնել պահպանել ԳՀՀԾ-ը, ինչպես նաեւ պատրաստակամություն են հայտնել ինտենսիվ ռեժիմով շարունակել անհրաժեշտ աշխատանքները Վիեննայի հարթակում», - ասվում է ՌԴ ԱԳՆ երեքշաբթի տարածված հաղորդագրության մեջ։  

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է կենտրոնացված աշխատանքը շարունակելու Մոսկվայի տրամադրվածությունը։

Ավստրիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 3-ին ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում բանակցությունների յոթերորդ փուլը։ Եվրոպացի մասնակիցները վերադարձել են իրենց երկրներ՝ երկխոսությունը շարունակելուց առաջ լրացուցիչ խորհրդակցությունների համար։ Միաժամանակ, ըստ իրանական լրատվամիջոցների, կողմերը կարող են այս շաբաթ վերսկսել բանակցությունները։

Դեկտեմբերի 2-ին Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին, ով գլխավորում է Վիեննայում ընթացող բանակցություններում երկրի պատվիրակությունը, հայտարարել է, որ Թեհրանը կողմերին է ներկայացրել միջուկային համաձայնագրի երկարաձգման մասին նախագիծ երկու փաստաթղթի տեսքով՝ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման եւ միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների վերաբերյալ: