Սրանց ձեռագիրը չի փոխվում. Սրանք կարող են դա անել, բայց այն դեպքում, երբ ոհմակով եւ շատով են. եթե այդքան լավ մարտական մարդիկ են, տեղը կար ցույց տալու, պատերազմի դաշտում գոնե գեթ մեկ մասնակցություն ունենային, գեթ մեկ վիրավոր լիներ իրենցից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ, բժիշկ, պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

«ՏԻՄ ընտրություններում տարած խայտառակ վիճակը եւ այն հանգամանքը, որ իրենք զգում են, որ իշխանությունն իրենց տակից գնում է, հավասարակշռությունից դուրս են եկել եւ դիմում են այսպիսի քայլերի: Եթե մենք իրավական պետություն ենք, իրավապահները պետք է համարժեք պատասխան տան: Եթե պետությունն անելիք չունի, լինում է անարխիա, այսինքն ամեն մարդ իր ձեւով է որոշում հարցերը լուծել: Սա լավ տեղ չի տանում: Սա հղի է վտանգով, հղի է էլ ավելի խորացնելու հասարակությունը աղճատելու, բեւեռացնելու: Մենք դրա արդյունքները տեսանք պատերազմի ժամանակ: Ինչքան շուտ սրանք հեռանան, այնքան պետությունը կշահի: Իրենք բանակցող չեն, պետություն ղեկավարող չեն, գյադաների հավաքածու են, իրենք սա կարող են անել, որ կանչեն սուրճի ու 20 հոգով հարձակվեն երեք հոգու վրա»,-ասաց նա:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, Տարոն Տոնոյանը հայտարարեց, որ դրանք խորքային վերլուծության կարիք ունեն. «Իշխանությունների այն գործելակերպը, որ նախկին իշխանությունն էր անում, սա ցույց է տալիս, որ այս իշխանությունների գնալու ժամանակն է եւ իրենք գնալու են: Անում են նույն քայլերը, ինչ արվում էր ՀՀԿ-ի ժամանակ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել է, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Մասնավորապես՝ ծեծողների թվում նա ճանաչել է Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել է նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում է, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել։

Նրա խոսքով՝ մասնավորապես, ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադեւոս Ավետիսյանի եւ Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում Գերասիմ Վարդանյանը։