Երեկվանից տուն չենք գնացել, ամբողջ գիշեր այստեղ ենք անցկացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:

«Մի քանի պատգամավորների տեսանք, որ մտնում էին Ազգային ժողով: Կոնկրետ հարցը վերաբերել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին: Բնականաբար, փորձում են ներկայացնել, թե ինքը դա նկատի չուներ, այլ բան նկատի ուներ եւ այլն: Թող իր փոխարեն ոչ ոք չպատասխանի, ինքն է ասել, ինքն էլ թող գա, պատասխանը տա: Ես շատ բան ունեմ իրեն ասելու, հենց գա դեմս կանգնի՝ կասեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պարզաբանմանը, թե այն զինծառայողները, որոնք զենքո թողել փախել են, մոլորվել ու գերի ընկել, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, Ղուկասյանն ասաց. «Ինքը թող գնահատական չտա, ինքը տեղյակ չի՝ էնտեղ ինչ է եղել: Թող տեղյակ լինի, թող ամեն ինչն իմանա, նոր գնահատականներ տա: Իսկ իր արտահայտությունը, որ ինքն ասում է՝ ինձ համար գերի չկա, այսինքն մենք գերի չունենք, դա ոնց որ Ադրբեջանին մեսիջ անի, ասի՝ էդ գերիներն ինձ պետք չեն, ինչ ուզում ես՝ արա: Ինքը ավտոմատ կերպով դառնում է Ադրբեջանի զակազչիկը մեր երեխեքին էնտեղ ոչնչացնելու համար: Նրանք, որոնք այսօր գերության մեջ են, պտանդ են, ինքը ուղիղ ասում է՝ իրենք ինձ պետք չեն, ինչ ուզում եք արեք:Այսինքն իմ երեխու մարմինը չտեսած թաղո՞ւմ է, չկա տենց բան, թող գա, պատասխան տա: Ո՞վ է տվել իրավունք, որ իմ երեխուն թաղի, առանց մարմինը տեսնելու»:

Նշենք, որ այսօր առավոտից ԱԺ մուտքի մոտ մեծ թվով ոստիկաններ են տեղակայված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները նախօրեին բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ, նաեւ փակել էին Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը:

Նրանք պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին  «Դեժավյու» տելեգր ամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի եւ շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.

«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան: Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել եւ փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել եւ փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետեւ նախ ծնողներին կվիրավորեմ եւ այլն, եւ այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»: