Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գտնվում է Գորի քաղաքի զինվորական հոսպիտալում, հայտարարել է, որ կդադարեցնի բուժումն այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել Պետական ​​տեսուչի ծառայության կողմից Արդարադատության նախարարության եւ Հատուկ քրեակատարողական ծառայության նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Պետական ​​տեսուչի որոշմամբ, գործող օրենսդրության համաձայն, Հատուկ քրեակատարողական ծառայությունը տուգանվել է 2 հազար լարիով, իսկ արդարադատության նախարարությունը՝ 500 լարիով՝ Սաակաշվիլիի հետ կապված անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտման համար։ Գործակալություններին հանձնարարվել է հեռացնել բանտում գտնվող Սաակաշվիլիի ձայնա եւ տեսագրությունները Facebook սոցցանցից, ինչպես նաեւ` պաշտոնական վեբ կայքերից:

«Ես դադարեցնում եմ բոլոր բուժումները եւ չեմ դադարեցնի բողոքի ակցիան, քանի դեռ պետական ​​տեսուչի ծառայության որոշումները չեն կատարվել, չեն չեղարվել, այսպես կոչված, կարգապահական միջոցները եւ չեն վերսկսվել բնականոն այցելությունները»,- ասվում է Facebook սոցցանցում նախկին նախագահի էջին հրապարակված նամակում։

Նախագահի խոսքով, որպես կարգապահական տույժ, իրեն զրկել են հեռուստացույցից եւ թույլ չեն տվել այցելուներին տեսնել իրեն, քանի որ նոյեմբերի 8-ին իր կամքին հակառակ բանտային հիվանդանոց տեղափոխելիս նա շրջել է արյան ճնշման մոնիտորի սարքը։

Հատուկ քրեակատարողական ծառայությունն արդեն հերքել է Սաակաշվիլիի հայտարարությունները։

«Նրա հետ հանդիպումները սահմանափակելու եւ հեռուստացույցից զրկելու մասին տարածված տեղեկատվությունը սուտ է եւ վնասում է գերատեսչության իմիջին հասարակության շրջանում»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։

Քրեակատարողական ծառայությունը հորդորել է նախկին նախագահին զերծ մնալ կեղծ մեղադրանքներ տարածելուց։

50-օրյա հացադուլից հետո Սաակաշվիլին Գորիի զինվորական հոսպիտալում վերականգնողական կուրս է անցնում։ Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ բուժման ավարտից հետո Սաակաշվիլիին կվերադարձնեն Ռուսթավի քաղաքի թիվ 12 բանտ, ուր նա տեղափոխվել էր հոկտեմբերի 1-ին ձերբակալելուց անմիջապես հետո։