ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսով վարակվածի հետ շփումից հետո մինչեւ հինգշաբթի ինքնամեկուսացման է անցել, նա հիվանդության ախտանիշներ չունի։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է գլխավոր քարտուղարի փոխներկայացուցիչ Ֆարհան Հակը։

«Մենք հաստատում ենք, որ գլխավոր քարտուղարը կապի մեջ է եղել այն անձի հետ, ում թեստի արդյունքը դրական էր,- ասել է Հակը։- Նա ախտանիշներ չունի, առաջին թեստը բացասական էր։ Այնուամենայնիվ, որպես նախազգուշական միջոց, նա մինչեւ հինգշաբթի տնից  կաշխատի՝ մինչ դեկտեմբերի 9-ին նոր թեստ հանձնելը»։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներում Գուտերեշի ինքնամեկուսացման մասին տեղեկություն էր հայտնվել՝ վկայակոչելով աղբյուրները։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 72 տարեկան է: Ավելի վաղ Նյու Յորքում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման դեպքեր էին գրանցվել։