Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատների բողոքի ակցիան Շիրակի մարզպետարանի դիմաց ժամը 01։30-ի սահմաններում ավարտվել է. նրանք այսօր նույնպես պատրաստվում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գերեվարված զինծառայողներից մեկի մայրը։

Նա հայտնեց, որ երեկ որեւէ պաշտոնատար անձի հետ այդպես էլ հանդիպում չեն ունեցել։

«Մեր բողոքն այն է, որ չեն կարող գերեվարվածների մասին այդ կերպ արտահայտվել։ Ոչ ոք չգիտի՝ ինչ իրավիճակում են եղել տղաները։ Եթե իրենք չեն կարողանում մի հատ Ազգային ժողով ղեկավարել, ուրեմն իրավունք չունեն գերեվարվածների մասին այդ կարգի բան խոսել։ Գերիների հարցն այնքան նուրբ է, որ իրավունք չունի ոչ մի պաշտոնյա բարձրաձայնելու։ Մենք մեր քայլերն ենք նույնիսկ չափավոր անում, որովհետեւ մեր տղաները գերության մեջ են, չենք ուզում վնասել այդ գործընթացին։ Ես՝ որպես մայր, շատ բարկացած եմ, հուզված եմ, որովհետեւ այդ մարտական ճանապարհ անցած տղաների հասցեին իրավունք չունեն այդպես խոսելու»,- ասաց գերեվարված զինծառայողի մայրը։

Նա հայտնեց նաեւ, որ այսօր Կարմիր խաչի միջոցով պետք է իրենց որդիների հետ խոսեն. «Դրանից հետո արդեն կորոշենք՝ ինչ անենք։ Վստահ եմ, որ այսօր էլ ակցիան կշարունակենք»։

 Գերեվարված զինծառայողի հարազատներից մեկն էլ մեզ ասաց, որ այսօր նույպես բողոքի ակցիա են իրականացնելու. «Այս անգամ ավելի լուրջ քայլերի ենք գնալու, մենք ամեն քայլի պիտի գնանք»։

Նշենք, որ երեկվանից Երեւանում՝ կառավարության շենքի դիմաց, անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք երեկ փակել էին Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող հատվածը:

Կառավարության առջեւ բողոքի ակցիա իրականացնող հարազատները պահանջել էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար, ապա, իրենց խոսքով՝ պահանջի իրականացումն արագացնելու համար, փակեցին Տիգրան Մեծի պողոտան:

Հիշեցնենք, որ երեկ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ձայնագրությանն ու իր խոսքերին, Ալեն Սիմոնյանն ասել էր, թե կան զինվորներ եւ սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ՝ ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել։

Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի եւ շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.

«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան:   Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել եւ փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել եւ փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետեւ նախ ծնողներին կվիրավորեմ եւ այլն, եւ այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»: