ԱՄՆ իշխանությունները վաճառել են ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում առգրավված՝ 26,7 մլն դոլար ընդհանուր արժողությամբ իրանական նավթը։ Այս մասին ասվում է երեքշաբթի ԱՄՆ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դատարանի որոշման համապատասխան՝ առգրավված նավթը վաճառվել է։ Հասույթի ընդհանուր գումարը կազմել է 26,7 մլն դոլար։ Գումարը կարող է ուղղվել ահաբեկչության զոհերի օգնության ամերիկյան հիմնադրամին»,- ասվում է հաղորդագրությունում։

Վաճառված նավթի ծավալը 11,1 մլն բարել էր։ Արդարադատության նախարարությունը չի նշել, թե երբ են իրականացվել ծովային գործողությունները, որոնց արդյունքում առգրավվել է նավթի նշյալ ծավալը։ Գերատեսչությունը միաժամանակ նշել է, որ այն առգրավվել է չորս լցանավերից, որոնք ուղեւորվում էին Վենեսուելա։

ԱՄՆ արդարադատության նախարարությունում տեղեկացրել են նաեւ, որ իրականացվել է ամերիկյան նավատորմի կողմից առգրավված «երկիր – օդ» հրթիռների (171 հատ) իրավունքների օտարում, որոնք գտնվում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող երկու նավերի վրա եւ նախատեսված էին Եմենի խռովարար հուսիների համար։

Անցնող տարվա ընթացքում Իրանը քանիցս մեղադրել է ԱՄՆ-ին իր նավերի կալանման մեջ։