Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող էր օգնել Աֆղանստանից կենդանիների տարհանման հարցում այն բանից հետո, երբ նրա կինը՝ Քերին, «ճնշում է գործադրել» քաղաքական գործչի վրա, հայտնում է The Independent-ը։

Ինքը՝ վարչապետը, հերքել է այն պնդումները, թե ինքը միջամտել է՝ օգնելու նախկին ծովային հետեւակ եւ Nowzad հիմնադրամի հիմնադիր Փոլ Ֆարթինգի բարեգործական կազմակերպությանը կենդանիներին տարհանել, մինչդեռ հազարավոր աֆղանստանցիներ փորձում էին լքել երկիրը բրիտանացիների հետ:

Նախ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը թույլ չի տվել մոտ երկու հարյուր կենդանիների տարհանման հնարավորությունը։ Սակայն մի քանի օր անց Ֆարթինգին հաջողվել է հատուկ կազմակերպված թռիչքով դուրս բերել ընտանի կենդանիներին։

Հրապարակման մեջ ասվում է, որ Ջոնսոնի օգնականն անձամբ է վստահեցրել Ֆարթինգին, ով հրաժարվել է տարհանվել առանց կենդանիների, որ նա թույլտվություն ունի Քաբուլից դուրս բերել շներին ու կատուներին։

Nowzad-ի ակտիվիստներից մեկն ասում է, որ Ջոնսոնը միջամտել է այն բանից հետո, երբ իր «կենդանասեր» կինը՝ Քերին, «ճնշում է գործադրել» նրա վրա։