Իրանը պատրաստ է էլեկտրացանցերը միացնել Ադրբեջանին եւ Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում  է Mehr-ը։

Նրա խոսքով՝ իրականացվել են տեխնիկական-տնտեսական հիմնավորումներ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ համագործակցության ոլորտում, Իրանը սկսել է համագործակցությունն այդ երկրների հետ էլեկտրական ցանցերի համաժամանակեցման հետ կապված։

Հանդիպման ընթացքում Իրանի էներգետիկայի նախարարն ընդգծել է երկրի պատրաստակամությունը՝ ընդլայնելու հարաբերությունները ջրային եւ էներգետիկայի ոլորտում հարեւան երկրի հետ։

Ընդգծելով Թեհրան-Բաքու հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը եւ շեշտը դնելով ջրի եւ էներգետիկայի ոլորտների վրա՝ նա նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ ավելացնելու առեւտրատնտեսական փոխանակումների ծավալը։ Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում Իրան-Ադրբեջան համատեղ տեխնիկական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։