Իրանը, Ադրբեջանը եւ Վրաստանը գործարկում են Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող տարանցիկ երթուղի։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ տրանսպորտի կազմակերպության միջազգային տարանցիկ փոխադրումների վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։

«Մենք երկու երկրներին առաջարկել ենք նոր տարանցիկ միջանցք ստեղծել՝ տարածաշրջանային միասնությանը համապատասխան»,-ասել է նա ISNA-ին տված հարցազրույցում։ 

«Իհարկե, այս ծրագիրն առաջարկվել է վերջին ութ տարիներին, բայց հաշվի առնելով այն, որ այս համաձայնագրում ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ, այն դեռ չի իրականացվել, եւ կողմերը կոնսենսուսի չեն եկել»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ այս  ծրագրի իրականացումը կարող է Պարսից ծոցը կապել Սեւ ծովի հետ։

«Մենք բանակցությունների օրակարգում ներառել ենք եռակողմ տարանցիկ ուղին այս երկու երկրների հետ։ Մեր կնքած պայմանագրի համաձայն՝ որոշվել է ստուգել այս երթուղու անցումը։ Ապրանքներն Ադրբեջան են ժամանել Աստարայից եւ պետք է ուղարկվեն Բուլղարիա կամ Արեւելյան Եվրոպայի այլ երկրներ՝ Սեւ ծովի վրացական նավահանգիստներով»,-հավելել է Հեդայաթին։

Նա նշել է, որ այս տարանցիկ երթուղին կարող է մեծ օգուտ բերել Արեւելյան եւ Հարավային Ասիայի երկրներին եւ կապել դրանք Արեւելյան Եվրոպայի հետ։ Մյուս կողմից, Եվրոպան Իրանի արտահանման ուղղություններից մեկն է, հատկապես՝ նավթաքիմիայի ոլորտում վերամշակված ապրանքների արտահանման ուղղությամբ։ «Այս տարանցիկ ուղին, հաշվի առնելով համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների լուրջ մոտեցումը, այլընտրանք կլինի ներկայումս գործող առեւտրային ուղիների համար, ինչպիսին է Թուրքիայի եւ Ռուսաստանի տարանցիկ երթուղին»,-եզրափակել է Հեդայաթին: