Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում շարունակվում է ձայների վերահաշվարկը։ Նախօրեին՝ դեկտեմբերի 7-ին, վերահաշվարկ է արվել չորս ընտրատեղամասում, ինչի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներն ավելացել են 1-ով, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 8-ով։

Վերահաշվարկ պետք է կատարվի եւս 21 ընտրատեղմասում։

«Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մինչեւ ուրբաթ օրը՝ ժամը 14։00-ն իրականացացվում է վերահաշվարկը։ Վերջում ամբողջ արդյունքները կհավաքենք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Մեզ հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանն ասաց, որ այսօրվա դրությամբ չի կարող ասել, թե որքան ձայն է ավելացել կամ պակասել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայներից։

«Մեր եւ «Հայ հեղափոխական դաշնակցության» մոտ,  կարելի է ասել, ստաբիլ իրավիճակ է։ Իմ ունեցած տեղեկություններով՝ վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի թվերը գնալով իջնում են»,- ասաց Աբովյանը։

Աբովյանի կարծիքով՝ ընտրությունների վերահաշվարկ պահանջելով՝ իշխանությունը փորձում է արդարացնել իրենց պարտությունը։

«Կարծես թե իրենց արածն օգտագործվեց իրենց դեմ։ Մյուս կողմից էլ իրենք իրենց թիմակիցներին վիրավորում են, որովհետեւ շատ ընտրատեղամասերում հանձնաժողովի նախագահներն, կարելի է ասել, իշխանության կողմնակիցներ էին»,- ասաց Աբովյանը։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում Աբովյան համայնքում առավել շատ ձայներ ստացել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 46 %, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 37 %, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 12%, իսկ ՀՅԴ-ը՝ 5 %։ «Քաղաքացիական պայմանագիրը» բողոքարկել էր Աբովյան քաղաքի 41 ընտրատեղամասերից 25-ի արդյունքները՝ պահանջելով վերահաշվարկ։