Apple-ը, դեռեւս վիրտուալ իրականության առաջին սերնդի ականջակալները չթողարկած, սկսել է երկրորդի վրա աշխատել, հայտնում է MacRumors-ը:

Լրագրողները ծանոթացել են հեղինակավոր ինսայդեր Մին-Չի Կոյի զեկույցին, ով Apple-ի VR ականջակալների մասին նոր տեղեկություններ է բացահայտել։ Նրա խոսքով՝ ընկերությունն արդեն սկսել է աշխատել վիրտուալ իրականության ականջակալների երկրորդ տարբերակի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Apple-ը դեռ չի ներկայացրել առաջին սերունդը։ Սարքը, որը թողարկվելու է 2024 թվականին, կունենա ավելի թեթեւ պատյան, նոր դիզայն եւ ավելի կատարելագործված պրոցեսոր։

Մին-Չի Կոն նաեւ նշել է, որ խառը իրականության (VR/AR) ականջակալների առաջին սերունդը կկարողանա սահուն անցումներ կատարել ռեժիմների միջեւ: Սարքը մոտ 300-400 գրամ քաշ կունենա։

Մասնագետը հաստատել է այն տեղեկությունը, որ սարքը սմարթֆոնից կամ այլ սարքավորումներից առանձին կաշխատի։ Բացի այդ, ինսայդերը նշել է, որ շփման եւ զվարճանքի վրա կենտրոնացած ականջակալը առաջիկա 10 տարվա ընթացքում կարող է փոխարինել iPhone-ին։