Այսքան ժամանակ ասում եք՝ գեներալներն են մեղավոր, դե մի հատ գեներալ բռնեիք, քոռ աչքներս տեսնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարեց ԱԺ-ի մոտ անհետ կորածների ու գերեվարված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի մասնակից կինը:

Նա ակցիայի մասնակիցների հետ միասին փակել էր Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանները նրանց դուրս բերեցին պողոտայից:

«Ես զարմանում եմ՝ այս ամբողջ հայ ազգը չի տեսնո՞ւմ, որ գերիներին չեն բերում, իրենց տներում տաք-տաք նստած են»,-ասաց կինը:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունի իրենցից 20-ին,  կամ ինքն անձամբ իջնի եւ հանդիպի իրենց հետ:

Նշենք, որ անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողները, որոնք առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մուտքի մոտ եւ փակել էին Դեմիրճյան փողոցը, փակեցին նաեւ Բաղրամյան պողոտան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին  «Դեժավյու» տելեգր ամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի և շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է.

«Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան: Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել և փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել և փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետև նախ ծնողներին կվիրավորեմ և այլն, և այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»: