Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կոչ է արել Փարիզին եւ Լոնդոնին կարգավորել միգրանտների հետ կապված իրավիճակը, որոնք նավակներով Ֆրանսիայից Միացյալ Թագավորություն են մեկնում Լա Մանշով՝ համաձայն Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի: Միյատովիչի նամակը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարներ Ջերալդ Դարմանենին եւ Պրիտի Պատելին չորեքշաբթի հրապարակվել է ԵԽ կայքում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Միացյալ Թագավորությունը եւ Ֆրանսիան պետք է միգրանտների եւ ապաստան հայցողների իրավունքները դնեն Լա Մանշով միգրացիոն հոսքերը զսպելու իրենց ջանքերի կենտրոնում», - ասվում է հաղորդագրության մեջ: Հանձնակատարը նշել է, որ երկրները պետք է «այդ հարցը լուծեն միջազգային չափանիշներին համապատասխան եւ զերծ մնան իրավիճակի անհիմն քաղաքականացումից»։ Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան պետք է գործեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի համաձայն, որոնց կողմերը «խոստացել են հետեւել»:

Անօրինական միգրանտների խնդիրը, որոնք փորձում են Ֆրանսիայից Լա Մանշով նավակներով հասնել Մեծ Բրիտանիա, կրկին սրվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի վերջին հիսուն անօրինական միգրանտներ տեղափոխող նավը խորտակվել է Կալեի շրջանում։ Նրանք մտադիր էին հասնել Մեծ Բրիտանիա։ Նավակի վթարի հետեւանքով, ըստ ՆԳՆ-ի, զոհվել է մոտ 30 մարդ։ Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ անձանց, ում կասկածում են Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա միգրանտների տեղափոխումը կազմակերպելու մեջ։

Լոնդոնն ու Փարիզը մի քանի տարի համատեղ պայքարում են ապօրինի ներգաղթյալների խնդրի դեմ, սակայն Լա Մանշ եւ Պա դե Կալե նեղուցներով անցնել փորձող միգրանտների թիվը անընդհատ աճում է։ Այս ճանապարհով ավելի քան 25.000 մարդ այս տարի ապօրինի մուտք է գործել Միացյալ Թագավորություն։ Մի քանի հազար միգրանտներ այս տարի ձերբակալվել են ֆրանսիական իշխանությունների կողմից, նախքան հասցրել են լքել Ֆրանսիայի ջրերը։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ փրկարարական եւ սահմանային ծառայությունները փրկել են 7.8 հազար անօրինական ներգաղթյալների, ովքեր 2021 թվականի սկզբից փորձել են Լա Մանշով անցնել Մեծ Բրիտանիա։