Դեկտեմբերի 2-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել մի կին, որին կողոպտել էին՝ պատճառելով մի քանի տասնյակ հազար դրամի վնաս։ Ըստ նրա՝ դեպքը տեղի էր ունեցել ժամը 9.30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցում։ Ահազանգը, տարածքային կարգով փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ կնոջ պարանոցի ոսկյա շղթան հափշտակած անձը եղել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, որով տաքսի ծառայություն է մատուցում։ Մեքենայի մակնիշը պարզելուց հետո Մալաթիայի քրեական հետախույզները պարզեցին նաև վարորդի ինքնությունը. Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ էր, 43 տարեկան։ 

Նրան հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Որոնումներին զուգահեռ Մալաթիայի քրեական հետախույզները բացատրական աշխատանք իրականացրին, որը արդյունք տվեց դեպքից 4 օր անց։ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.40-ին, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մալաթիայի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Նախնական տվյալներով՝ ոսկյա շղթան վաճառել է։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում են: