Նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից ընդունված Սոչիի հայտարարության կատարման մասով առաջընթաց չկա։ Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Նա պարզաբանեց, որ կողմերը պայմանավորվել են մեխանիզմներ ստեղծել լարվածությունը թուլացնելու, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցերով հանձնաժողով ստեղծելու շուրջ։ «Հայտարարության մեջ չի նշվում, որ հանձնաժողով է ստեղծվում»,-նշեց Ռուբինյանը։

Նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ, ըստ նրա, արձանագրվել է, որ կողմերը նույն տեսակետն ունեն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, եւ դրանում միջանցքային տրամաբանություն չկա։ «Այդ հարցը երբեք չի քննարկվել եւ չի քննարկվելու, օրակարգում այն չկա։ Ռուսաստանի նախագահ Պուտինն այլ համատեքստում է օգտագործել «միջանցք» բառը։ Ուստի տարակուսելի է, որ Սոչիում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարություն է տարածել, որը հակասում է նոյեմբերի 26-ի հայտարարությանը։ Այս փաստն արձանագրել է Հայաստանի ԱԳՆ-ն։ Բանակցություններն ընթանում են այն տրամաբանության շրջանակում, որ պետք է ապաշրջափակվեն բոլոր հաղորդակցությունները, այդ թվում՝ Ադրբեջանից Նախիջեւան։ Միեւնույն ժամանակ, ճանապարհների ինքնիշխանությունը պատկանում է այն երկրներին, որոնց տարածքով անցնելու են այդ ճանապարհները»,-նշեց նա։