Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, ընթանում էր Դատախազության շենքի դիմաց ապրիլի 22-ին հասարակական կարգը խախտելու գործով դատական նիստը։

Այս գործով ամբաստանյալի աթոռին 10 անձ է՝ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանը։

Այսօրվա դատական նիստին գործով մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Գործով ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը նշեց, որ մեղադրանքում կան մասեր, որոնք իր համար անհասկանալի են.

«Արդյոք «բ… տղա Նիկոլ»-ը սեռական բնույթի հայհոյա՞նք է։ Իմ կարծիքով՝ չէ, որովհետեւ այդ արտահայտության մեջ սեռական որեւէ գործողություն չի ենթադրվում, ըստ այդմ այդ արտահայտությունը չի կարող բնութագրվել որպես սեռական բնույթի հայհոյանք։

Մեղադրական եզրակացության մեջ հստակ չէ, թե սեռական բնույթի հայհոյանքն ում է ուղղված, արդյոք «բ… տղա Նիկոլ»արտահայտությունն ուղղված է կոնկրետ անձի եւ եթե ուղղված է կոնկրետ անձի։ Ամբողջ մեղադրանքի մեջ մի հատված կա, որտեղ ես մեղադրվում են նաեւ ոստիկաններին սեռական բնույթի հայհոյանքներ տալու մեջ. արդյոք «բ… տղա Նիկոլ» արտահայտությունը սեռական բնույթի հայհոյանք է նաեւ ոստիկանների նկատմամբ»։

«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանն էլ իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց.

«Եթե այդ արտահայտությունները վերաբերում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա ես ողջունում եմ բղավողների կարծիքը»։

Դատարանն անցավ գործով ապացույցների հետազոտման հաջորդականության հետեւյալ կարգը՝ հետազոտել քրեական գործում առկա ապացույցները, հրապարակել քրեական գործում առկա փաստաթղթերը, այնուհետեւ հարցաքննել վկաներին եւ վերջում՝ ամբաստանյալներին։

Դատարանն անցավ քրեական գործում առկա ապացույցները հետազոտելուն։

Ըստ մեղադրանքի՝ բազմաթիվ անձինք Հանրապետության հրապարակի մոտակայքում մասնակցել են «Ի աջակցություն ձերբակալված սյունեցիների» կազմակերպված հավաքին: Այնուհետեւ գնացել եւ ակցիան շարունակել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կենտրոնական մուտքի դիմաց, որի ընթացքում հիշյալ հավաքի 10 մասնակից, անտեսելով ոստիկանության ծառայողների՝ հասարակական կարգը չխախտելու պահանջները, այլ անձանցից առանձնանալու եւ սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը եւ տեւական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել: Նրանցից  երկուսը  տարբեր իրերով հարվածել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքին, անհանգստություն եւ տագնապի զգացում առաջացրել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների, դատախազության վարչական շենքում գտնվող աշխատակիցների եւ պատահական անցորդների մոտ՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ։

Գործով 10 ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նրանք մեղադրվում են՝ դիտավորությամբ հասարակական կարգը խախտելու մեջ, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: