ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի գույքի վրա կալանք դնելը կապված է նրա քաղաքական գործունեության հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։

«Գտնում եմ, որ անհիմն նախաձեռնություն է։ Սա կապված է Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեության հետ»,- նշեց նա։

Կարեն Մեժլումյանը նաեւ հայտնեց, որ Սեյրան Օհանյանը Դատախազություն չի գնացել։

Ավելի վաղ Դատախազությունը հայտնել էր, որ կալանքի տակ են դրվել նաեւ Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի , Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի վրա։

Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց։

Նշենք՝ Ռուզաննա Խաչատրյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր անունով որեւէ անշարժ գույք կալանքի տակ չէ, որովհետեւ, ըստ նրա, իր անունով անշարժ գույք գոյություն չունի: