Իրանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության համընդգրկուն փաստաթուղթն ավարտման փուլում է գտնվում։ Այս մասին ԻՀԿ (PUIC) անդամ երկրների խորհրդարանական միության 16-րդ համաժողովին մասնակցելու համար Թուրքիա մեկնելուց առաջ հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը, գրում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ իսլամական երկրների խորհրդարանների խոսնակները կհավաքվեն՝ պաղեստինյան հարցը, ներգաղթը եւ Աֆղանստանում զարգացումները քննարկելու համար։

«Իրանն ու Թուրքիան շատ լավ հարաբերություններ ունեն»,- ասել է Ղալիբաֆը՝ հավելելով, որ «Իրանի եւ Թուրքիայի միջեւ բազմակողմանի համագործակցության մասին փաստաթուղթը ավարտման փուլում է, եւ մենք կօգտվենք երկօրյա այցի հնարավորությունից՝ թուրքական իշխանությունների հետ այս ուղղությամբ հետագա համակարգումը քննարկելու համար»։

Նրա խոսքով, Իրանն ու Թուրքիան ակտիվորեն համագործակցում են տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում։ «Մենք նախատեսում ենք խորհրդակցել Իրանում ներդրումներ կատարած թուրք գործարարների հետ՝ երկկողմ տնտեսական հարաբերությունները հեշտացնելու համար»։