Ձեր կառավարման օրոք, գիտությամբ, թե անգիտությամբ, բանակցային գործընթաց է ներմուծվել այսպես կոչված բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու, բայց դրանք գաղտնի պահելու մի արատավոր գործելաոճ։ Խոսքը բնավ բանակցային գործընթացի գաղտնիության մասին չէ, դա բոլորս լավ հասկանում ենք, այլ ամենաբարձր մակարդակով քննարկումների արդյունքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների մասին է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ինչպես պարզվում է, դրանք հիմնականում կորստաբեր նշանակություն են ունենում մեր երկրի համար։ Այդ ընթացակարգով ձեռք բերված համաձայնությունների գոյության և դրա հետևանքների մասին հանրությունն իմանում է դրանք կատարվելուց հետո։ Սահմանադրական ո՞ր լիազորությունների հիման վրա է կառավարությունը ձեռք բերում բանավոր պայմանավորվածություններ, որոնք հանգեցնում են մեզ համար կենսական զիջումների։ Սրա բացատրությունը ե՞րբ պետք է տաք»,– հարց հնչեցրեց դա։

Արմեն Ռուստամյանի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել  և այդ նարատիվը, որ կան բանավոր, գաղտնի պայմանավորվածություններ, ավելի մեծ անհեթեթություններ դժվար է պատկերացնել»։

Արձագանքելով Փաշինյանին` պատասխանին, Ռուստամյանն ընդգծեց. «Ինձ համար իսկապես զարմանալի է, մենք տարբեր աշխարհներում ենք ապրո՞ւմ։ Դուք ինքներդ եք հայտարարել դրա մասին, որ գոյություն ունեն բանավոր պայմանավորվածություններ, Ձեզ ուղարկե՞նք Ձեր ասածը»։

Ի պատասխան Փաշինյանը ասաց. «Ես ստիպված եմ նորից հիշեցնել, թե «Մեսրոպ Մաշտոցը որտեղից է սկսել հայերեն գրավոր տեքստի ստեղծումը», գնացեք նորից նայեք։ Ես չգիտեմ, երբ դուք հարց եք տալիս, կարևորը Ձեր հա՞րցն է, թե՞ իմ պատասխանը, որ այս ամբիոնից լսվում է»։