Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ, սակայն երկիրը պետք է նախ «ավելի զգայուն» քաղաքականություն ցուցաբերի պաղեստինցիների նկատմամբ, հայտնել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավումը «շահավետ» կլինի ողջ տարածաշրջանում խաղաղության համար։ «Սակայն այս փուլում Իսրայելը պետք է ավելի ուշադիր լինի Պաղեստինի նկատմամբ իր քաղաքականության հարցում: Նա պետք է զգույշ լինի Երուսաղեմի եւ Ալ Աքսա մզկիթի նկատմամբ», - ասել է նա։

Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Էրդողանի կառավարման ողջ ընթացքում, թուրք առաջնորդը բացահայտ քննադատել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը։

Երկրները 2010 թվականին հետ կանչեցին իրենց դեսպաններին այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը գրոհեցին Գազա ուղեւորվող՝ պաղեստինցիներին մարդասիրական օգնություն հասցնող նավատորմը, ովքեր խախտել էին Իսրայելի շրջափակումը: Միջադեպի հետեւանքով ինը թուրք ակտիվիստ է զոհվել։

Հարաբերությունները կրկին խզվեցին 2018 թվականին այն բանից հետո, երբ Թուրքիան, որը վրդովված էր ԱՄՆ դեսպանության՝ Երուսաղեմ տեղափոխմամբ, կրկին հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից, ինչը դրդեց Իսրայելին պատասխան քայլերի դիմել։